Kanacahastan NGO

Կանաչաստան տեղեկագիր

Համար 1
Նոյեմբեր 2011

Քաղաքացիական ակտիվություն

Back to Քաղաքացիական ակտիվություն

Սերժ Թանգյան՝ քաղաքացիական ակտիվիստ

Գրեթե մեկ տարի է անցել Թանգյանի` Երևանում կայացած առաջին համերգից: 2011 թվականին տեղի ունեցած իր երկրորդ բացօթյա անվճար համերգից հետո` օգոստոսի 15-ին,  «քաղաքացիական ակտիվիզմ» թեմայով ֆորում կազմակերպվեց, որի շրջանակներում երգիչը ևմեկ անգամ ևս ընդգծեց, որ հպարտ է ակտիվիստ լինելու համար: Ֆորումը կազմակերպվել էր «Կանաչաստան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` խթանելու հանրային քննարկումը: Թանգյանի երկու այցերը Հայաստան քաղաքացիական ակտիվիզմի հարցում հանրային մեծ հետաքրքրություն առաջացրին:

Ամերիկահայ ռոք աստղ, երգիչ, երգահան և Գրեմի մրցանակակիր “System of a Down” հայտնի խմբի մենակատար Սերժ Թանգյանը քաղաքացիական ակտիվիզմի գործունեություն ծավալող վառ օրինակներից է: Նա իր երգերի և գործունեության միջոցով զբաղվում է հասարակական հնչեղության հարցերով: Որպես երաժիշտ նա օգտագործում է բեմը ոչ միայն իր արվեստը ներկայացնելու, այլև հրատապ հարցեր բարձրացնելու համար: Ֆորումի ընթացքում ռոք աստղը  խոսեց քաղաքացիական ակտիվիզմի և ամբողջ աշխարհում առկա խնդիրների մասին:

21-րդ դարում մեր հասարակության ապագան կախված է իրազեկված, պատասխանատու ևև ակտիվ քաղաքացիներից: Քաղաքացիական ակտիվիզմը կոչված է փոփոխություն բերելու մարդկանց կյանքում և քայլեր ձեռնարկելու բարոյական, մարդու իրավունքների և գլոբալ խնդիրների լուծման համար: Այս պարագայում կառավարությունը միակը չէ, որ պատասխանատու է հանրության բարեկեցության կամ օրակարգը սահմանելու համար: Սերժ Թանգյանը վայելում է մարդկանց սերն ու վստահությունը և կարող է հասարակական կարծիք ևձևավորել:

Սերժ Թանգյանը մշտապես աջակցում է ամբողջ աշխարհում տեղի ունեցող ցեղասպանությունները դատապարտող և կանխող գործունեությանը, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության: Նա նաև աջակցել է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին, Կենդանիների պաշտպանությանը, ինչպես նաև Թեղուտի անտառի պաշտպանության թիմին: Թանգյանը խոսում է անարդարության, սոցիալական և տնտեսական անհավասարության մասին: «Ես չեմ կենտրոնանում միայն մեկ հարցի շուրջ, չնայած Հայոց ցեղասպանության ճանաչումը այն խնդիրն է, որին ամենից շատ ժամանակն եմ հատկացրել որպես ակտիվիստ: Կարծում եմ միայն իրազեկության մակարդակի բարձրացումը բավարար չէ. հարկավոր է գործել և խնդիրը հաջորդ մակարդակ բարձրացնել: Իրազեկության մակարդակի բարձրացումը լավ է, սակայն պետք է ավելի հեռուն նայել», – ասում է Թանգյանը:

Սոցիալական արդարությունը ոտնահարող խնդիրներին անդրադառնալու և լուծելու համար Սերժ Թանգյանը Գրեմի մրցանակակիր ամերիկացի կիթառահար Թոմ Մորեյոյի հետ համատեղ հիմնադրել է “Axis of Justice’’ (Արդարության առանցք) հասարակական կազմակերպությունը: “Axis of Justice” կազմակերպության նպատակն է համախմբել երաժիշտներին, քաղաքական կազմակերպություններին և երկրպագուներին` խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսական արդարության խնդիրներին լուծում գտնելու համար ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև ամբողջ աշխարհում:

«Խորապես հավատում եմ այն խնդիրների լուծմանը, որոնց աջակցություն եմ ցուցաբերում: Սակայն, եթե անարդարություն եմ տեսնում ցանկացած իրավիճակում ու համարում եմ, որ պետք է միջոցներ ձեռնարկել և լսելի դարձնել այն, անպայման օգտագործում եմ հնարավորությունը` դրանց անդրադառնալու և այդ մասին խոսելու համար», – ասում է Թանգյանը:

Հանրահայտ ռոք աստղը ասում է, որ շահույթ չհետապնդող, հասարակական կազմակերպությունները ոգևորում են իրեն խթանել քաղաքական ակտիվությանը: Ըստ Թանգյանի ԱՄՆ-ում հասարակական կազմակերպությունները զբաղվում են շատ ու շատ խնդիրներով, որոնց իրականում կառավարությունը պետք է անդրադառնա. «Մասնավոր սեկտորը ստանում է շահույթ, իսկ հասարակական կազմակերպությունները հոգ են տանում մարդկանց մասին»: Ֆորումի շրջանակներում Սերժ Թանգյանը նաև ոգևորեց հայկական ոչ պետական կազմակերպությունների ակտիվիստներին, այդ թվում նաև «Կանաչաստան»-ին:

Թանգյանը խոսեց նաև Հայաստանում առկա իրավիճակի մասին. «Մենք պետք է շատ խելացի գտնվենք մեր երկրի խնդիրների լուծման հարցում: Մենք 20-ամյա երկիր ենք: Հետադարձ հայացք նետելով և ամբողջ իրավիճակը դիտարկելով` կարծում եմ բավականին առաջընթաց ենք ունեցել: Այստեղ մեծ ներուժ և էներգիա է կուտակված: Պետք է համբերատար և ուժեղ լինենք, որպեսզի մեր ձայնը լսելի դառնա: Չպետք է վախենանք», -ասում է Թանգյանը:

Թանգյանը քարոզում է անհատական ակտիվիզմը` ողջունելով ցանկացած արտահայտչամիջոց: «Լինելով արվեստագետ` պետք է ասել այն, ինչ մտածում ես: Արվեստագետներն առկա իրավիճակի մասնակիցը դառնալու հնարավորություն ունեն: Մեր աշխատանքի մի մասը իրողությունների իրական պատկերը ներկայացնելն է: Մեր պատասխանատվությունն է լինել արդար և ապրել այնպես, ինչպես որ պետք է: Իհարկե, ռիսկի գործոնը մեծ է, շատ մարդիկ են երես թեքել ինձնից իմ քաղաքական հայտարարություններից հետո, մասնավորապես ԱՄՆ-ում»:

Թանգյանը կարծում է, որ անարդարության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, բնապահպանության խնդիրները մեկ աղբյուր ունեն, քանի որ միայն մեկ մոլորակ կա: Այսպիսով` ամեն ինչ փոխկապակցված է: Հայտնի երգահանը ոգեշնչում և կոչ է անում իր երկրպագուներին և պարզապես բոլոր այն մարդկանց, ովքեր անմասն չեն աշխարհում տիրող իրավիճակին, անտարբեր չլինել: Թանգյանը համոզված է, որ մարդկանց դեմքերն ասում են ավելին, քան խոսքերը, սակայն  խոսելու և գործելու մասին իր հորդորն ու կոչը միշտ ազդեցիկ են: Նա այն անձնավորությունն է, ում շնորհիվ երաժշտությունը խոսում է մարդկանց անունից:


Stretch Mark Removal
How To Get Rid of Blackheads
Best Eye Cream
Stretch Mark Cream
Dark Circles Under Eyes
Suhagra