Kanacahastan NGO

Կանաչաստան տեղեկագիր

Համար 1
Նոյեմբեր 2011

Քաղաքացիական ակտիվություն

Back to Քաղաքացիական ակտիվություն

Քաղաքացիական ակտիվիզմի օրինակներ Հայաստանում

2010 թվականից գործող «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Ավթանդիլյանը «Կանաչաստան»-ի հետ զրուցեց քաղաքացիական ակտիվության երևույթի մասին, մասնավորապես` Երևանում կանաչ տարածքների պահպանության համար ծավալված գործունեության շուրջ:

–  Ինչպե՞ս կսահմանեք քաղաքացիական ակտիվությունը:

– Քաղաքացիական ակտիվիստը հասարակական խնդիրների համար ոչ քաղաքական նպատակներով պայքարող անձնավորությունն է: Այսինքն, հնարավոր չէ քաղաքացիական ակտիվիզմը ծառայեցնել քաղաքական շահերին, սակայն օգտագործել քաղաքական միջոցները նպատակին հասնելու համար, հնարավոր է: Քաղաքացիական ակտիվությունն ունի երկու նախապայման. առաջինը` քաղաքացիական օրակարգն ընդհանրապես, որն իրենից ներկայացնում է նեղ կամ լայն հասարակական խնդիրների շրջանակ, և երկրորդը` քաղաքացիական ակտիվության գործունեություն, որը զուգահեռ է քաղաքականությանը:

Ինչպե՞ս ընթացավ քաղաքացիական ակտիվության ստեղծում ու զարգացումը Հայաստանում:

– Հայաստանում քաղաքացիական շարժման առաջին փուլը եղել է մոտավորապես 2004-2007 թվականներին: Դա «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի արշավն էր, որը ձևավորվեց այն ժամանակ, երբ որոշվեց փոփոխությունների ենթարկել զինապարտության մասին օրենքը և բանակ տանել մագիստրոսներին ու ասպիրանտներին: 2007թ-ին հաջորդեց «Սկսել ա» քաղաքացիական նախաձեռնությունը: Երկրորդ փուլը 2010թ-ին սկսված շարժումներն էին` «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի փրկության խումբը, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» և «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունները, որոնց ձևավորումը, իմ համոզմամբ, սերտորեն կապված էր 2008 թվականի ընտրական գործընթացների ընթացքում բացազատված էներգետիկայի հետ: Եվ վերջապես, ներկայումս տեսնում ենք ակտիվիզմի երրորդ փուլը, որն առանձնանում է առավել հասցեական, նեղ օրակարգով` «Փրկենք Վիշապների այգին» և այլն:

Եվս մեկ առանձնահատկություն, որը կապված է Հայաստանում քաղաքացիական ակտիվության ձևավորման հետ` համացանցն էր: Սոցիալական ցանցերը` մասնավորապես Facebook-ը ֆունդամենտալ նշանակություն ունեցան նմանատիպ նախաձեռնությունների ձևավորման հարցում: Facebook-ը ներթափանցեց նաև մեր պաշտոնյաների աշխարհ, ովքեր սկզբում, իհարկե, չէին ընկալում, որ այն երկկողմանի կոմունիկացիա է: Օրինակ` Վիշապների այգու պահպանության համար ծավալած պայքարի վերջնակետը` հենց քաղաքապետի ֆեյսբուքյան պատի վրա կատարված վիրտուալ գրոհն էր: Ըստ երևույթին՝ դա ևս բավականին ազդեցություն ունեցավ քաղաքապետարանի` այգում շինարարությունն արգելելու  որոշման վրա:

– Իսկ որքանո՞վ է քաղաքացիական ակտիվությունն ընկալվում Հայաստանում:

– Ցավոք, Հայաստանում դեռևս չկա այն մշակույթի մակարդակը, որի շնորհիվ հասարակությունը կկարողանա տարբերել մեկ մարդու մեջ զուգահեռաբար գոյություն ունեցող քաղաքական գործչին և ակտիվիստին:

Բնականաբար, ընկալումը ստեղծման նման որոշ զարգացում ունեցավ: Հասարակությունը աստիճանաբար սկսեց ընկալել, որ քաղաքացիական ակտիվությունը բավականին արդյունավետ միջոց է պայքարելու և արդյունքի հասնելու համար:

Ակտիվիզմը սկզբում, ինչպես ասում են, գիտությանը անհայտ գազան էր, հատկապես քաղաքական շրջանակներում, որոնց համար դա գործողության անհասկանալի ձև էր: Բարձրաստիճան անձինք ակտիվիստների ծավալած գործունեության ետևում անդադար փորձում էին քաղաքական ուժեր գտնել: Մինչև այժմ էլ շատերի՝ հատկապես քաղաքական աշխարհում գտվողների համար անհասկանալի է, որ հնարավոր է հասարակական ուղղվածության որևէ մասսայական գործունեություն ծավալել` դրա դիմաց ոչինչ չպահանջելով, առանց քաղաքական օրակարգ դնելու կամ որևէ ուժի սատարելու:

Ընկալումը բավականին փոխվել է հիմա: Հասարակությունը սկսեց հասկանալ, որ այս ամենն իրենցն է: Օրինակ, երբ Թամանյանի արձանի մոտ ստորագրահավաք էինք կազմակերպել Ուսանողական այգում շինարարությունը վերացնելու համար, մեզ նայում էին որպես Մարս մոլորակից իջած մարդկանց: Սակայն, երբ սկսվեց պայքարն արդեն Վիշապների, կամ Գլխավոր պողոտայի այգու պահպանության համար, բնակիչները սկսեցին անմիջական մասնակցություն ցուցաբերել: Ավելին, նրանք իրենց վրա վերցրին այդ պայքարի հիմնական ծանրությունը:

 

– Ի՞նչ դեր և նշանակություն ունի «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնող խումբը:

– Խումբը Facebook-ում ստեղծվել է 2010 թվականի ապրիլին Կանադայում սովորող մի աղջկա` Գայանե Մելքումյանի կողմից: Խմբի նպատակն էր կանխել Ուսանողական այգում ծավալվող շինարարությունը: Կազմակերպվեցին արշավներ, ստորագրահավաքներ, մինի-հանրահավաքներ, համերգային ու այլ հանրային միջոցառումներ:

Վիրտուալ տեսակետից մեր խմբի անդամների թիվը կազմում է 4100 մարդ, սակայն իրականում մենք կարող ենք «հույս դնել» առավելագույնը 150 անձի վրա:

Մեր պայքարի արդյունքում եկանք այն եզրահանգմանը, որ պետք է մեծացնել խնդիրների շրջանակը` աստիճանաբար ընդգրկելով ողջ Երևանը: Իսկ խնդիրները բազմաթիվ էին. 2010 թվականը բավականին վատ տարի էր Երևանի բնապահպանության համար, քանի որ հիմնական կառուցապատումը արդեն ավարտվել էր, և ազատ էին մնացել միայն կանաչ տարածքները: Իրար հետևից առաջացան Գլխավոր պողոտայի, Կոմիտաս 5 հասցեում գտնվող կանաչապատ տարածքի, Սարկավագի փողոցի, Վիշապների պուրակի և այլ փոքր ու մեծ խնդիրներ:

Մեր խումբը ցանցային առանձնահատկություններ ձեռք բերեց` փորձելով հանրայնացնել խնդիրը հաշված ժամերի ընթացքում: Օրինակ`Քանաքեռում բնակվող մեր խմբի անդամներից մեկը Կենտրոն իջնելուց փողոցներից մեկում տեսնում է, թե ինչպես են ծառ կտրում: Հեռախոսով լուսանկարում է այն և տեղադրում համացանցում: Արդյունքում մենք կարողանում ենք արձագանքել մաքսիմալ օպերատիվությամբ, ինչը հաճախ թույլ է տալիս կանխել բնապահպանությանը հասցվող վնասները:

– Կպատմե՞ք, թե ինչ ձեռքբերումներ և անհաջողություններ է ունեցել խումբը մոտ երկու տարվա ակտիվ գործունեության ընթացքում:

– Մենք մեր ներդրումն ունեցանք նրանում, որ Երևանի բնապահպանական խնդիրները հանրային օրակարգ մտան: Մեր ակտիվության և կազմակերպված տարբեր արշավների արդյունքում Երևանի շատ ու շատ բնակիչներ, սկսեցին իրենց քաղաքի տերերը զգալ:  Մենք նպաստեցինք խոշոր կապիտալի պարտությանը Վիշապների այգում, որն աննախադեպ էր ՀՀ պատմության մեջ:

Բնապահպանական խնդիրները սկսեցին ավելի լուրջ ընկալվել իշխանությունների կողմից` հատկապես տեղական ինքնակառավարման մակարդակում: Մեզ հետ որպես քաղաքացիական ակտիվիստների սկսեցին հաշվի նստել: Սակայն, որն ավելի կարևոր է, սկսեցին հաշվի առնել բնակչի կարծիքը: Մեր քաղաքացիական փորձը ցույց տվեց, որ եթե բնակիչը կամ սպառողը քո թիկունքին կանգնած չէ, ոչ մի արդյունքի չես հասնի:

Մյուս կողմից` մենք արձանագրեցինք, որ Հայաստանում բոլոր խնդիրներն իրենց էությամբ քաղաքականացված են, որովհետև նրանց հիմքում շատ հաճախ ընկած են ոչ թե վարչական, բյուրոկրատական պատճառները, այլ կոնկրետ քաղաքական թիմի նախասիրությունները:

– Ինչ խնդիրներ է իր առջև դրել նախաձեռնող խումբը:

– Այժմ ունենք լուծում պահանջող կոնկրետ մի քանի խնդիրներ. փորձում ենք կանխել Վիշապների այգուց Գայի 2 հասցե տեղափոխված շինարարությունը, որը կարծես դարձյալ իրականացվում է կանաչ տարածքում, իսկ Ուսանողական այգու հարցը արդեն Սահմանադրական դատարանում է: Ուշադիր հետևում ենք Գրողների միության հարևանությամբ` Բաղրամյան 3 հասցեում գտնվող փոքրիկ այգուն, որտեղ փորձում են շինարարություն ծավալել, Կոմիտաս 5ա հասցեում գտնվող կանաչապատ տարածքին:

Նման խնդիրների լուծման համար ինչու՞ որոշեցիք դիմել հենց քաղաքացիական ակտիվիզմի մեխանիզմի ձևաչափին:

– Իսկ ուրիշ ո՞ր ձևաչափն է ավելի հարմար: Մենք մշտապես ունենում էինք առաջարկություններ` համալրել այս կամ այն կուսակցության շարքերը: Նախ քաղաքական ոլորտում էկոլոգիական խնդիրները չորրորդական տեղում են: Հայաստանի քաղաքականության մեջ ինտրիգային հատվածը անհամեմատելիորեն մեծ է և, ի վերջո, Հայաստանում հասարակությունը անմասն է քաղաքականությունից: Հասարակական խնդիրները պետք է բարձրաձայնվեն և լուծում ստանան հենց հասարակության կողմից: Մեր գործունեությունն առանց այդ էլ լուրջ հակառակորդներ ունի: Որևէ կերպ մտնելով քաղաքականության մեջ` մենք միայն կավելացնենք ռազմաճակատների քանակը:

Ի՞նչ այլ նախաձեռնություններ եք ստանձնել որպես ակտիվիստների խումբ:

– Մենք փորձել ենք օգտագործել քաղաքացիական ակտիվիզմի գրեթե բոլոր միջոցները` սկսած դրական մանկական միջոցառումներից, վերջացրած դատարան դիմելով, ստորագրահավաքներ, պիկետներ, հանրային իրազեկության արշավներ կազմակերպելով: Մենք բավականին նեղ ոլորտ ենք ընտրել` Երևանի բնապահպանական վիճակը, և հստակ պահպանում ենք այդ սահմանը: Օրինակ` մենք չմասնակցեցինք դելֆինարիումի դեմ ակցիաներին, որովհետև համարեցինք, որ դա մեր գործունեության շրջանակներից դուրս է:

Եվ վերջում, ո՞րն է ձեր ուղերձը երիտասարդներին:

– Չեմ պատրաստվում որևէ յուրահատուկ բան ասել: Երիտասարդները պետք է ակտիվ ու անհնազանդ լինեն. դա իրենց հիմնական «ֆունկցիան» է: Հարմարվողական երիտասարդի պատկերը ամենից ցավալին է: Դա կարծես հասարակության դեգրադացիայի նշան լինի: Մի արտահայտություն են վերագրում Չերչիլին. «Ով երիտասարդ տարիքում ռոմանտիզմից զուրկ է` սիրտ չունի, ով պահպանողական չէ հասուն տարիքում` անուղեղ է»: Եթե երիտասարդները չունեն այդ ռոմանտիզմը, այդ ապստամբ տրամադրությունը, պարզ չէ` ինչ կլինի նրանց հետ ապագայում:


Stretch Mark Removal
How To Get Rid of Blackheads
Best Eye Cream
Stretch Mark Cream
Dark Circles Under Eyes
Suhagra